Բրյուսելը պատրաստվում է Իրանի շուրջ իրադարձությունների զարգացման «բոլոր սցենարներին», ներառյալ ռազմական հակամարտությունը։ Այս մասին տեղեկացրել է Եվրամիության հավասարության, պատրաստվածության եւ ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Հաջա Լահբիբը։
ԵՄ մարդասիրական մեխանիզմները կգործադրվեն բացառապես կարիքների հիման վրա՝ «օգնելու մարդկանց, այլ ոչ թե կառավարություններին»,- մեջբերել է նրա խոսքերը Euractiv պորտալը։ Եվրահանձնակատարի խոսքով՝ ցանկացած հնարավոր հարված կարող է խափանել կայունությունն ամբողջ տարածաշրջանում՝ Աֆղանստանից մինչեւ Պակիստան։
Հունվարին Սպիտակ տունը զգուշացրել էր, որ լրջորեն պատրաստ է ուժ կիրառել, եթե Թեհրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ եւ չկնքի «արդար համաձայնագիր», որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում։ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չունեն միջուկային ռումբ ստեղծելու մտադրություն։ Պենտագոնը զգալի ուժեր է կուտակել Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ երկու ավիակիր հարվածային խմբեր։ ԱՄՆ վարչակազմը փետրվարի 19-ին հայտարարել է, որ հատկացնում է առավելագույնը 15 օր՝ Իրանի հետ համաձայնության գալու համար։



