Ճապոնիան և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել շարունակել համագործակցության ամրապնդումը կիբեռանվտանգության ապահովման ոլորտում: Այս մասին ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ հունվարի 27-ին Բրյուսելում տեղի է ունեցել Ճապոնիայի և ՆԱՏՕ-ի միջև երկրորդ երկկողմ նիստը կիբեռանվտանգության թեմայով: Ճապոնական կողմից հանդիպմանը մասնակցել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և Կիբեռանվտանգության ազգային կոմիտեի ներկայացուցիչները։ ՆԱՏՕ-ից բանակցություններին մասնկցել է թվային փոխակերպման և կիբեգռանվտանգության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Շառլ Էլլերման Քինգոմբեն: «Երկու կողմերն էլ հաստատել են, որ կշարունակեն սերտ համատեղ աշխատանքը կիբեռանվտանգության ոլորտում», - հայտնել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունից:
Ճապոնիան վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: 2025 թվականի հունվարին Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ում Ճապոնիայի առանձին մշտական ներկայացուցչությունը, իսկ ապրիլին Տոկիո է այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որի հետ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Շիգերու Իշիբան համաձայնության է եկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ:



