Բռունցքներ և քաշքշուկ չի եղել, ուղղակի դրսում...

Քաշքշուկ, բռունցքներ, ի սեր Աստծո, ժողովուրդ, նման բաներ իրապես չի եղել ու ոչ էլ նիստի ժամանակ է եղել, դուրսը ուղղակի նիստից հետո խոսելու ընթացքում գուցե թվացել է, որ կռվել են: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ՔՊ աշխատանքային խմբի նիստի ժամանակ իրար են բախվել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

«Նորմալ նիստը արել ենք, նիստից դուրս ենք եկել, իջել ենք, դեպք չի եղել: Ամեն անգամ կուսակցության նիստից հետո, երբ ամեն մարդ իր մեքենային է սպասում, մի քիչ երկար ենք կանգնել ու զրուցել ենք, թե այս այս խնդիրը ոնց  լուծենք: Ընդամենը դա է եղել: Ես էլ եմ այդտեղ եղել, բոլորն էլ ներկա են եղել: Վեճ չի եղել, եղել է քննարկում։ Խնդրում եմ՝ վեճ բառը չօգտագործել»,-ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց, որ կողմեր չկան ՔՊ-ում. «Մեր կուսակցության մեջ կան կարծիքներ»:

Անդրադառնալով այդ նիստից Նիկոլ Փաշինյանի տարածած տեսանյութին, Ալխաս Ղազարյանն ասաց. «Ասաց՝ որպես պետական պաշտոնյան, դուք միշտ պետք է պատրաստ լինել ցանկացած հարցում որոշում կայացնելու: Այսինքն մենք առաջարկեցինք որոշում չկայացնել որևէ հարցի քննարկման ընթացքում, ինքը պահանջեց, որ ով իշխանության մեջ է, պետք է որոշում կայացնելու միշտ պատրաստակամություն ունենա: Ընդամենը դրա մասին է խոսքը, թե չէ ինչ-որ որոշում պարտադրելու խնդիր չկա»:

Հիշեցնենք` ArmLur.am–ը գրել էր, որ վեճին միջամտել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին, բայց իրավիճակը գնալով թեժացել է: