Բռնությունը միանշանակ դատապարտելի է, բայց այս...

Բռնությունը միանշանակ դատապարտելի է, բայց այսքանից ավել որեւէ մեկնաբանություն չունեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին:

Հարցերին, թե արդյոք պետք է Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական տա, արդյոք ներողություն խնդրելը բավական է, արդյոք սա չի կարող հիմք հանդիսանալ մյուս թաղապետերի համար, որ կարելի է մարդ ծեծել, հետո ներողություն խնդրել, Սերոբ Սարգսյանը չպատասխանեց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ: