
Մեծ Բրիտանիան մերժել է այն քննադատությունը, որ Պաղեստինի Պետությունը ճանաչելու ծրագրերով պարգևատրում է ՀԱՄԱՍ զինյալ խմբավորմանը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Այդ քննադատության վերաբերյալ հարցին Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Հայդի Ալեքսանդրն ասել է, որ դա ճիշտ ձև չէ՝ բնութագրելու Մեծ Բրիտանիայի ծրագիրը։
«Սա պարգև չէ ՀԱՄԱՍ-ի համար։ ՀԱՄԱՍ-ը նողկալի ահաբեկչական կազմակերպություն է, որը սարսափելի վայրագություններ է կատարել։ Սա կապված է պաղեստինցի ժողովրդի հետ։ Սա կապված է այն երեխաների հետ, որոնք, ինչպես տեսնում ենք, սովից մահանում են Գազայում», - ասել է նախարարը LBC ռադիոյին։
«Մենք պետք է ուժեղացնենք ճնշումն Իսրայելի կառավարության վրա, որպեսզի սահմանափակումները վերացվեն, և օգնությունը կրկին մուտք գործի Գազա», - հավելել է նա։
Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Իսրայելին տվել է վերջնաժամկետ մինչև սեպտեմբեր Գազայում հրադադար հաստատելու համար, այլապես Միացյալ Թագավորությունը կճանաչի Պաղեստինի Պետությունը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է այս որոշումը՝ ասելով, որ դա խրախուսում է ՀԱՄԱՍ-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ը «չպետք է պարգևատրվի» պաղեստինյան անկախության ճանաչմամբ։
Մալթան ևս հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կճանաչի Պաղեստինի Պետությունը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ երկիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը։