Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը 2012-2022թթ. ավելացել են 14 տոկոսով, սակայն Լոնդոնի աշխարհաքաղաքական մրցակիցները էլ ավելի շատ են ավելացրել ռազմական ոլորտի ֆինանսավորման մակարդակը։ Այս մասին հայտնել է The Times թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի պաշտպանական ծախսերն այդ ընթացքում ավելացել են 57, 60 եւ 34 տոկոսով համապատասխանաբար։ Ինչպես նշել է պարբերականը, հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը հաստատել է 56,9 մլրդ ֆունտի (71,3 մլրդ դոլար) հատկացումը ռազմական կարիքների համար առաջիկա տարում, ինչը կրկնակի քիչ է ՌԴ ցուցանիշներից։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ավելի վաղ հայտարարել էր, որ Լոնդոնը մտադիր է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ 2,5 տոկոսին։ Նա, սակայն, չի ասել, թե մինչեւ երբ է նախատեսվում հասնել այդ նպատակին։ Ակնկալվում է, որ այս հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն 2025թ. գարնանը Բրիտանիայի զինված ուժերի մարտունակության վիճակի վերանայման փաստաթղթի հրապարակումից հետո, որի վրա աշխատում է փորձագետների խումբը՝ ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղարի Ջորջ Ռոբերտսոնի (1999-2003) գլխավորությամբ: Ներկայում թագավորության ռազմական ծախսերը կազմում են մոտ 2,3 տոկոս:
Դեկտեմբերի 20-ին Financial Times-ը հայտնել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր ներկայացուցիչների միջոցով տեղեկացրել է ՆԱՏՕ գծով որոշ եվրոպական դաշնակիցներին իր մտադրության մասին՝ պահանջելու, որ նրանք պաշտպանական ծախսերը հասցնեն ՀՆԱ 5 տոկոսին: Մեծ Բրիտանիան վերջին անգամ այսքան գումար է ծախսել պաշտպանության վրա 1980-ականների կեսերին սառը պատերազմի ժամանակ: