Բրազիլիայում նախկին նախագահ Բոլսոնարուին մեղա...

Բրազիլիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ հեղաշրջման փորձի մեջ, որը ենթադրել է, այդ թվում, Բրազիլիայի ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի դեմ մահափորձը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Բոլսոնարուին առաջադրվել են մեղադրանքներ հանցավոր խմբավորման ստեղծման, բռնի կերպով իրավական դեմոկրատական ​​կարգի վերացման և պետական ​​հեղաշրջման փորձի մեջ։ Գլխավոր դատախազության վարկածով՝ պետության նախկին ղեկավարն իմացել է Լուլա դա Սիլվայի դեմ մահափորձի ծրագրերի մասին։ 

Ընդհանուր առմամբ, գործով մեղադրանք է առաջադրվել 34 անձի։ Այժմ գլխավոր դատախազության որոշումը պետք է քննարկի Գերագույն դատարանը։

2024 թ. նոյեմբերին O Globo թերթը հաղորդել էր, որ Բրազիլիայի ոստիկանությունը հետաքննություն է վարում մի քանի սպաների նկատմամբ, որոնց կասկածում են պետական հեղաշրջման փորձի մեջ: Հետաքննությունը ենթադրում է, որ զինվորականները ցանկացել են խափանել 2023 թվականի հունվարի 1-ին Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողությունը և 2022 թվականի դեկտեմբերի 15-ին ծրագրել են հեղաշրջման փորձ։ Ծրագիրը ներառել է Լուլա դա Սիլվայի և Բրազիլիայի փոխնախագահ Ջերալդու Ալկմինի սպանությունը: 

Նշված օրը հեղաշրջման փորձ չի եղել, սակայն 2023 թվականի հունվարին՝ արդեն Լուլա դա Սիլվայի պաշտոնակալությունից հետո, Բրազիլիա քաղաքում Բոլսոնարուի կողմնակիցները կազմակերպել են անկարգություններ և փորձել գրավել կառավարական շենքերը։ Իշխանությունների գնահատմամբ՝ անկարգություններին մասնակցել է մոտ 5000 մարդ, ավելի քան 1400-ը ձերբակալվել է։