Բրազիլիայի ղեկավարությանը չեն անհանգստացնում...

Բրազիլիայի ղեկավարությանը չեն անհանգստացնում ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները՝ հանրապետության Դաշնային գերագույն դատարանի կողմից Բրազիլի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ 27 տարվա ազատազրկման դատավճռից հետո: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան:

«Անհանգստություն չկա: Ես չեմ վախենում», - հայտարարել է Լուլա դա Սիլվան տեղական Band հեռուստաալիքին տված հարցազրույցում: - Մի երկրի նախագահը չի կարող միջամտել մեկ այլ ինքնիշխան պետության որոշումներին: Եթե նա նույնիսկ որոշի ձեռնարկել ինչ-որ գործողություններ, ապա դա միայն իր խնդիրը կլինի»:

Լուլա դա Սիլվան նաև ընդգծել է, որ ոչ մի կասկած չկա, որ Բոլսոնարուն, իրոք, մտադիր էր պետական ​​հեղաշրջում կազմակերպել՝ 2023 թ. հունվարին հանրապետության գործող ղեկավարի պաշտոնակալությունը թույլ չտալու նպատակով:

«Նախկին նախագահն իր լիազորությունների ամբողջ ժամկետի ընթացքում վարկաբեկել է (ժողովրդավարական) ինստիտուտները», - նշել է նա:

Բրազիլի ղեկավարը նաև դատապարտել է Էդուարդու Բոլսոնարուի՝ Բրազիլի Կոնգրեսի դաշնային պատգամավորի և նախկին նախագահի որդու գործողությունները՝ ԱՄՆ ղեկավարությանը Բրազիլի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչեր անելու համար: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախկինում աջակցություն էր հայտնել Բոլսոնարուին և 50% մաքսատուրքեր սահմանել Բրազիլի նկատմամբ, նշել է, որ այդ վճիռը «շատ վատ է Բրազիլի համար»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բոլսոնարուի դատավճիռն անվանել է «վհուկների որս» և խոստացել, որ ԱՄՆ-ն «համապատասխան ձևով կարձագանքի» դրան: