Բորիս Ջոնսոնը հրաժարվել է հրաժարական տալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ տուգանվել է կառավարության՝ կորոնավիրուսային կարանտինի կանոնների խախտման համար, հայտնում է AP-ն։

Լոնդոնի ոստիկանությունը տուգանել է Ջոնսոնին, նրա կնոջը, ֆինանսների նախարարին եւ մյուսներին՝ 2020 թվականի հունիսի 19-ին Դաունինգ Սթրիթի գրասենյակում վարչապետի ծննդյան խնջույքին մասնակցելու համար։ Ջոնսոնը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը, ում երբեւէ տուգանել են պաշտոնավարման ընթացքում օրենքի խախտման համար:

Կորոնավիրուսի տարածման պատճառով Միացյալ Թագավորությունում երկուսից ավել մարդկանց հավաքներն արգելվել էին։

«Ես հասկանում եմ շատերի ​​զայրույթն առ այն, որ ես ինքս չկարողացա կիրառել այն կանոնները, որոնք իմ ղեկավարած կառավարությունը սահմանել էր հասարակությանը պաշտպանելու համար, եւ ես ամենայն անկեղծությամբ ընդունում եմ, որ մարդիկ ավելի լավն ակնկալելու իրավունք ունեին,- ասել է Ջոնսոնը:- Եւ հիմա ես ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում բրիտանացիների առաջնահերթությունների իրականացման համար»:

Ընդդիմադիր պատգամավորները պահանջել են Ջոնսոնի հրաժարականը՝ պնդելով, որ նրա եւ ֆինանսների նախարար Ռիշի Սունակի նկատմամբ կիրառված տուգանքները վկայում են կառավարության «հանցավոր» լինելու մասին։ Ընդդիմությունը պնդում էր, որ Դաունինգ Սթրիթում երեկույթը ցույց տվեց, որ Ջոնսոնը եւ նրա կողմնակիցները կարծում են, որ կանոններն իրենց չեն վերաբերում: