Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է լրջորե...

Եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է «լրջորեն փոխգործակցել» Չինաստանի հետ ուկրաինական հակամարտության «լուծումը գտնելու» հարցում, գրել է The Financial Times թերթը։

Պարբերականը նշել է, որ Բորելը նամակ է ուղարկել ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարներին, որտեղ «ընդգծել է, որ միությունը պատրաստ է լրջորեն փոխգործակցել Պեկինի հետ» ուկրաինական հարցում, եւ որ ԵՄ-ն «ողջունում է բոլոր իսկապես դրական քայլերը, որոնք նախաձեռնում է Չինաստանը՝ ուղղված լուծման որոնմանը»։

Եվրադիվանագիտության ղեկավարը նաեւ ԵՄ-ին կոչ է արել, որպեսզի «չարգելափակեն զարգացող երկրների աճող հզորությունը»՝ նկատի ունենալով այն, որ միության անդամ պետությունները չեն ցանկանում ընդունել Չինաստանի հանդեպ ԱՄՆ ավելի կոշտ մոտեցումը։

Բրյուսելը նաեւ պետք է հաշվի առնի, որ շատ երկրներ Չինաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը դիտարկում են որպես հակակշիռ Արեւմուտքին եւ Եվրոպային, եւ նրանք ջանալու են ուժեղացնել սեփական տարածքը մանեւրի համար՝ որեւէ մեկի կողմը չբռնելով, նշել է Բորելը։