«Բոլորիս նպատակը նույնն է՝ մեր երեխաների համա...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել են ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ նորագույն գրականության ամբիոնի պատվավոր վարիչ Վազգեն Գաբրիելյանի, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Մուրադյանի, ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանի, ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանի և Շիրակի մարզի Հոռոմի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարինե Կարախանյանի հետ:

Վերջիններս հրապարակային մտահոգություն էին հայտնել հանրակրթական առարկայական չափորոշիչների և դասագրքերի մրցույթի վերաբերյալ: Նրանք առաջարկել էին առարկայական չափորոշիչներն ամբողջությամբ հրապարակել և դնել հանրային շահագրգիռ քննարկման, առայժմ չհայտարարել դասագրքերի մրցույթ, ինչպես նաև դրանք քննարկել մասնագետների ու արհեստավարժ մանկավարժների մասնակցությամբ:

Հանդիպումը կայացել է Վահրամ Դումանյանի նախաձեռնությամբ՝ նշված խնդիրները քննարկելու, նախարարության մոտեցումները ներկայացնելու, ինչպես նաև մասնագետների առաջարկները լսելու նպատակով:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ չափորոշիչների և առարկայական ծրագրերի՝ դեռևս մշակման փուլում ներկաներից ոմանք ներկայացրել են առաջարկներ, որոնց հիման վրա լրամշակվել են համապատասխան ծրագրերը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ Տավուշի մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում փորձարկված առարկայական չափորոշիչների և ծրագրերի քննարկման փուլն արդեն ավարտվել է. դրանք լրամշակվել և հաստատվել են նախարարի հրամանով:

«Մենք բաց ենք մասնագիտական դաշտում ընթացող ցանկացած քննարկման համար: Բոլորիս նպատակը նույնն է՝ մեր երեխաների համար ապահովել որակյալ կրթություն»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ նպատակով էլ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ոլորտի մասնագետների հետ: