«Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցությունը «բոչկա է գլորում» Երևանի կենտրոնում։ Ազատության հրապարակից մեկնարկած ակցիան շարունակվեց Մաշտոցի պողոտայում․ կուսակցության անդամները` «Սարդ մարդու» հանդերձանքով, «բոչկա» գլորելով քայլում էին պողոտայում։
Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսպիսի ակցիաներով ցույց են տալիս գործող համակարգի հիվանդ, կործանարար լինելը և ներկայացնում, թե նորմալ, առողջ քաղաքական բանավեճը որն է։
«Սա ամենալուրջ քաղաքական ակցիաներից մեկն է։ Զարմանում եմ էն մարդկանց վրա, որոնք պնդում են, թե մենք անլրջացնում ենք իրավիճակը։ Սա նշանակում է, որ իրար վերաբերյալ հրահանգներ տալը, կալանավորելը, հարցեր հնչեցնելը՝ ինչի՞ դու չես զոհվել պատերազմում, ավելի լուրջ քաղաքական մի՞տք է, քան էն, ինչ մենք ենք անում։ Ի տարբերություն մնացածի՝ մեր գործողությունների հետևանքով որևէ մեկը չի զոհվում, մեր ակցիաների արդյունքում որևէ մեկին չեն տանում, ապօրինի չեն կալանավորում․․․ Մենք մեզ վրա շատ մեծ բեռ ենք վերցրել․ ցույց ենք տալիս մեր հասարակությանը, թե քաղաքական բովանդակությունը որն է»,- նշեց Կարապետյանցը։



