ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ստեղծել է նոր կազմակերպություն, որը կոչվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ:
«Ես նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, որն ունենալու է ինստիտուցիոնալ հիմքեր։ Ստեղծված հիմնադրամն ունի նպատակներ, որոնցից են` Հայաստանում մարդու իրավունքների և սոցիալական արդարության ապահովումը, գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկման միջոցով հասարակության մեջ գիտելիքների մակարդակի բարձրացումը, Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը, ազգային արժեքների պաշտպանությունը և այլն»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով` հիմնադրամը չունի և բացառում է որևէ օլիգարխիկ ֆինանսավորում։ Կազմակերպությունը հիմնված է սփյուռքի հայրենակիցների ֆինանսավորման վրա` ԱՄՆ–ից, Ռուսաստանի Դաշնությունից և Եվրոպայից։ Կայքէջում մի քանի օրից նվիրատվությունների բաժինը հասանելի կլինի, և ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կկարողանա աջակցել։
Թաթոյանը շեշտեց, որ հիմնադրամի աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախկին աշխատակիցներն են։
«Հիմնադրամի աշխատակիցները սեպտեմբերի 13-15–ը տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ աշխատանքներ են տարել։ Արդեն կազմել են ադրբեջանական շարունակվող ատելությանն ու թշնամանքին, ինչպես նաև ագրեսիայի հետևանքներին վերաբերող զեկույց»,- ասաց նա։
Արման Թաթոյանն ընդգծեց և կարևորեց, որ բոլորի գերնպատակը պետք է լինի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների ապացույցները փաստագրելը, հավաքագրելը և պատշաճ ներկայացնել միջազգային հանրությանը:
Նրա պնդմամբ` միջազգային հարթակներում մարդու իրավունքների և անվտանգության տեսանկյունից խոսելը լուրջ նշանակություն ունի, քանի որ դա թույլ չի տալիս, որպեսզի քեզ ռազմաքաղաքական տանիքի տակ տանեն ու ճնշեն։ Թաթոյանը վստահեցրեց` Ադրբեջանին ձեռնտու է ամբողջ տեղի ունեցողը դիտարկել հենց ռազմաքաղաքական տեսանկյունից։
«Դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան, մեկն էլ Միջազգային արդարադատության դատարան։ Լավ ենք արել, բայց միայն այդքանը բավարար չէ։ Մենք ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, որի ժամկետը շուտով կսպառվի։ Կարող էին նախաձեռնել, որպեսզի հատուկ հարցերով զեկուցող լիներ, տանեին սահմաններն արձանագրեր, զեկույց կկազմվեր, ինչը կկարողանայինք օգտագործել»,-ասաց Թաթոյանը։



