Բոլոր հարցերը քննարկվել են՝ կոմունիկացիաների...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր վերջին հանդիպումը։ 

Պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջին հանդիպման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ վարչապետը նշեց, որ քննարկումները եղել են բաց ու անկեղծ։ 

«Ես Թուրքիա էի գնացել ոչ թե հայ-թուրքական օրակարգով, այլ Հայաստան Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերությունների օրակարգով։ Սա կարևոր նրբություն է։ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից իմ տպավորությունները դրական են։ Բոլոր հարցերը քննարկվել են՝ կոմունիկացիաների բացումից մինչև Անիի պատմական կամրջի վերականգնում», – մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը։ 

Փաշինյանը ասաց, որ թեև հանդիպումը չի հանգեցրել կոնկրետ արդյունքների, օրինակ՝ սահմանը չի բացվել, բայց գործընթացը պետք է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով։ 

«Այդպիսի բարդ և խորը խնդիրները մեկ գործողությամբ չեն լուծվում։ Պետք է վստահություն ստեղծել, նաև հանրություններին նախապատրաստել։ Բայց ես կասկած չունեմ, որ այդ կետին հասնելու ենք՝ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, սահմանը կբացվի»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Վարչապետը շեշտեց, որ Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների ձևավորումը բխում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատևության ռազմավարությունից։