«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել աշխարհի եռամարտի տասնակի չեմպիոն Արտյոմ Սոլոյանի հետ։
«Այսօր ես որոշել եմ իմ մարզումն անցկացնել մեր ընկեր Արտյոմ Սոլոյանի հետ։ Արտյոմ Սոլոյանը հետաքրքիր ճանապարհ անցած մարդ է։ Ծնվելով և մեծանալով Տաշիրում՝ նա հնարավորություն է ստացել մեկնել Հայաստանից դուրս՝ եռամարտի առաջնության։ Գիտե՞ք՝ ինչ արդյունք ենք ունեցել․ 10 տարի անընդմեջ աշխարհի եռամարտի չեմպիոն է դարձել։ Ի՞նչ է դա ցույց տալիս․ որ մեր ազգը մեծ պոտենցիալ ունի բոլոր ոլորտներում։ Միայն մեր այս մարզասրահում մենք տեսանք, որ 7 մարզվողներից մեկը Վրաստանի չեմպիոն է, մեկը՝ Պարսկաստանի միջազգային մրցույթի հաղթող, և նաև մեր արդյունքը՝ աշխարհի տասնակի չեմպիոն։
Բոլոր համայնքներում մենք ունենք ուժեղ տղամարդիկ, ուժեղ երիտասարդներ, ովքեր իրենց պոտենցիալը չեն իրացրել։ Ուժեղ երկիրը այն երկիրն է, որը հնարավորություն է տալիս իր բոլոր քաղաքացիներին ամբողջությամբ ներկայացնել իրենց պոտենցիալը։ Եթե Արտյոմի նման տղամարդուն հնարավորություն չտրվեր դուրս գալ Հայաստանից, նա չէր կարողանա աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում, մի գյուղում, կա եռամարտի աշխարհի տասնակի չեմպիոն։ Այդպես էլ մեր յուրաքանչյուր համայնքում մենք ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր վաղը կարող են ցույց տալ, թե տարածաշրջանի ամենաուժեղ ազգը որ ազգն է»,-ասել է Կարապետյանը։



