
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։
Ըստ այդմ, մերժում ստացած անձինք կարող են դիմում ներկայացնել, եթե՝
- դիմողի կամ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում,
և/կամ
- դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը 2023 թ․սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք։
Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել e-request.am կայքի միջոցով կամ ք․ Երևան, Կառավարական տուն 3 հասցեով։ Անհրաժեշտ է նշել՝
- հանձնաժողովի անվանումը,
- ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուի (դիմումատուների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, փաստացի բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը,
- բողոքարկման առարկան։
Դիմում-բողոքին անհրաժեշտ է կցել՝
- 2020 թ․ սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից կամ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում ԼՂ պետական կամ մասնավոր կառույցներում աշխատելու, կենսաթոշակ կամ այլ դրամական վճարներ ստանալու և դրանք ԼՂ-ում իրացնելու, ֆինանսական գործարքներ կատարելու, կրթական, առողջապահական ծառայություններից օգտվելու մասին վկայող և (կամ) այլ առնվազն 2 փաստաթուղթ, որոնց թվագրումները պետք է ունենան առնվազն 6 ամսվա տարբերություն,
և/կամ
- 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք ունենալու և դիմելու օրվա դրությամբ այն օտարած լինելու հանգամանքները պարզաբանող փաստաթղթերը։
Վերոնշյալ պահանջներին չբավարարող դիմում-բողոքները հանձնաժողովի կողմից չեն ուսումնասիրվի։