
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել պահպանել հայ-ադրբեջանական բանակցությունների թափը:
«Ես վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների թափը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին», - գրել է Բլինքենն իր «Թվիթեր»-ի էջում:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ: