Բլինքենը նոր ուղևորության է պատրաստվում դեպի...

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շուտով նոր այցով կմեկնի Մերձավոր Արևելք: Ըստ «Европейская правда»–ի՝ այդ մասին AFP-ին հայտնել է անանուն ամերիկացի պաշտոնյան։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ Բլինքենը տարածաշրջան կվերադառնա «առաջիկա օրերին»:

Բլինքենի այցը տարածաշրջան տեղի կունենա Գազայում Իսրայելի հարձակողական գործողությունները դադարեցնելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու առաջարկի շուրջ բանակցությունների ուժեղացման ֆոնին: Սա կլինի Բլինքենի 5-րդ ուղևորությունը տարածաշրջան հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակում գործեցին Իսրայելի վրա: Յուրաքանչյուր ուղևորության ընթացքում պետքարտուղարը սովորաբար այցելում է ինչպես Իսրայել, այնպես էլ արաբական մի շարք երկրներ: Բլինքենի այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը դիտարկում են ռազմական գործողությունները սառեցնելու առաջարկը՝ պատանդներին ազատելու դիմաց: Երկուշաբթի օրը Բլինքենը հայտարարել է, որ «իրական հույս» կա․ նա Կատարի միջնորդությամբ այդ առաջարկն անվանել է «լավ ու ուժեղ»: