Բեռնատարները հասան Կոռնիձոր, սպասում են ռուսա...

Հայաստանի կողմից Արցախին ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատար, հասել է Կոռնիձոր

«Կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ նրանց միջնորդությամբ բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար, սպասում ենք պատասխանի։ Այս գործընթացը պահանջում է ըմբռնում եւ համբերատարություն։ Պարզաբանման փուլում ենք, հենց նորություն լինի՝ կտեղեկացնենք։ Բեռնատարները կմնան այստեղ մինչեւ ստանանք որոշակի պատասխան, եւ կորոշենք հետագա քայլերը»,- Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաները ուղևորվել են Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 400 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։ Մարդասիրական օգնությունը շրջափակված Արցախ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակում։

Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:

Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ բեռը տեղ հասցնելու հետ կապված:

Իր հերթին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Ստացված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 26-ին Հայաստանի կողմից Լաչինի պետական սահմանի անցակետի մուտքի մոտ կազմակերպելով տարբեր մեքենաների կուտակումներ՝ հերթական սադրիչ գործողությունն է ծրագրվում»: