Հինգշաբթի օրը երկու մարդ է զոհվել Գերմանիայի Բրանդենբուրգ շրջանի Նոյ Ցիտաու քաղաքի դպրոցներից մեկում։ Այս մասին, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնում է «Märkische Allgemeine Zeitung»-ը: Ենթադրյալ հարձակվողը ձերբակալված է:
Զոհերից մեկը ավագ դպրոցի 18-ամյա աշակերտուհի է, իսկ երկրորդը՝ 30-ամյա մի տղամարդ։ Ըստ նախնական տվյալների՝ վերջինս սպանվել է հանցագործին կանգնեցելու ժամանակ:
Ենթադրյալ հարձակվողը 19 տարեկան է։ Պարբերականի տեղեկություններով՝ նա սպանված աղջկա նախկին ընկերն է։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք նա սովորել է այդ դպրոցում, թե ոչ։ Ոստիկանությունը կասկածյալի միգրանտ լինելու վերաբերյալ որևէ տվյալ չի հայտնել:
Տեղական ժամանակով մոտ 13:45-ին դպրոց են ժամանել ոստիկանության և արտակարգ ծառայությունների ուժերը: Հնարավոր հարձակման պատճառով ուսումնական հաստատությունում տագնապ է հայտարարվել: Դեպքի վայրում ոստիկանական խոշոր ուժեր են տեղակայվել, իսկ դպրոցի տարածքը վերցվել է շրջափակման մեջ։ Կանչվել են նաև հրշեջներ, շտապօգնության բազմաթիվ մեքենաներ և բժշկական երկու ուղղաթիռ:
Ողբերգությունը տեղի է ունեցել Նոյ Ցիտաուի «Docemus» մասնավոր դպրոցում, որը գործում է 2008 թվականից և իրականացնում է գիմնազիայի, միջնակարգ ու արհեստագործական ուսուցման ծրագրեր:
Ուրբաթ օրը դպրոցում սովորական դասեր չեն անցկացվի, սակայն այն բաց կլինի բոլոր ցանկացող աշակերտների համար։ Տնօրինությունը նախատեսում է նրանց համար ապահով միջավայր ստեղծել՝ ուսուցիչների և հոգեբանների աջակցությամբ:



