Բերբոքն ընդգծում է ՄԱԿ-ի իրավական գերակայությ...

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ, Գերմանիայի նախկին արտգործնախարար Անալենա Բերբոքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Խաղաղության խորհուրդ ստեղծելու նախաձեռնության քննարկման ֆոնին հայտարարել է, որ ՄԱԿ-ից բացի նոր, այլընտրանքային կազմակերպություն հարկավոր չէ ամբողջ աշխարհում խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին նա ասել է DPA գործակալությանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլուարներում:

Բերբոքը նշել է, որ արդեն գոյություն ունի «միջազգային կազմակերպություն, որի կենտրոնական խնդիրն ու նպատակն ամբողջ աշխարհում խաղաղության և միջազգային անվտանգության պահպանումն է»։

«Դա ՄԱԿ-ն է, որտեղ շատ, շատ ծանրակշիռ պատճառներով աշխարհի բոլոր պետություններն, անկախ իրենց չափերից, տնտեսական կամ ռազմական կարողությունից, ունեն տեղ և ձայնի իրավունք», - ասել է Բերբոքը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Խաղաղության խորհրդին լիազորել է Գազայի նկատմամբ հստակ սահմանված անցումային առաջադրանքի կատարում։ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը համարվում են իրավաբանորեն պարտադիր՝ միջազգային իրավունքին համապատասխան։

2025 թ. նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, որով լիազորել էր ստեղծել Խաղաղության խորհուրդ, որի հետ աշխատող երկրները Գազայի հատվածում միջազգային կայունացնող ուժեր կտեղակայեն։ Գազայի հատվածում խաղաղության Թրամփի առաջարկած ծրագրով խորհուրդը պետք է ժամանակավորապես վերահսկեր Գազայի հատվածի կառավարումը, սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ խորհրդի գործունեությունը կընդլայնվի, և այն կզբաղվի հակամարտություններով աշխարհի տարբեր ծայրերում։

Ըստ դիվանագետների՝ սա կարող է խաթարել ՄԱԿ-ի աշխատանքը։