
Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը հունիսի 23-ից կվերսկսի միջազգային չվերթերի ընդունումն ու ուղարկումը, որոնցից յուրաքանչյուրի համար կարող է գրանցվել ոչ ավելի, քան 50 մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Իսրայելի զբոսաշրջության նախարարությունում:
«Իսրայելի օդանավակայանների վարչությունը հայտարարել է Բեն Գուրիոնի օդանավակայանում չվերթերի ընդունումն ու ուղարկումը 2025 թ. հունիսի 23-ից վերսկսելու մասին: Սա կարևոր քայլ է միջազգային թռիչքների վերսկսման ճանապարհին», - նշել են նախարարությունում:
Նրանք պարզաբանել են, որ օդանավակայանը կգործի սահմանափակումներով. «միաժամանակ 1500 ուղևորից ավելի չի կարող գտնվել 3-րդ տերմինալում, որտեղից իրականացվելու են մեկնաթռիչքները, և 50 հոգուց ավելի չի կարող գրանցվել յուրաքանչյուր չվերթի համար»:
«Մոտավորապես 24 չվերթ կժամանի Իսրայել աշխարհի տարբեր երկրներից, - պարզաբանել է զբոսաշրջության նախարարությունը: - Դրանք համակարգելու են Իսրայելի օդանավակայանների վարչությունը, Իսրայելի քաղաքացիական ավիացիայի վարչությունը և ազգային անվտանգության հետ կապված պաշտոնատար անձինք»:
Ինչպես հունիսի 23-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը, օդանավակայանի առցանց լուսատախտակը վկայում է, որ օրվա ընթացքում El Al-ի ինքնաթիռները կթռչեն Աթենք, Բանգկոկ, Վարշավա, Լառնակա, Լոնդոն, Լոս Անջելես, Նյու Յորք, Փարիզ և Հռոմ, Israir-ը՝ Աթենք, Լառնակա և Հռոմ, Arkia-ն՝ դեպի Աթենք, Բարսելոնա, Լառնակա և Հռոմ: «Բեն Գուրիոն» օդանավակայանից առևտրային չվերթերն արգելված են հունիսի 13-ից։
Իսրայելն իր օդային տարածքը փակել էր հունիսի 13-ին այն բանից հետո, երբ սկսեց գրոհել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված օբյեկտների վրա: Արդյունքում շուրջ 40 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ մնացել են Իսրայելի տարածքում՝ չունենալով երկրից դուրս գալու այլ տարբերակ, բացի Եգիպտոսի և Հորդանանի հետ ցամաքային սահմանային անցումները կամ ծովով ճանապարհը։