Բելգրադում ցուցարարները փակել են փողոցները և...

Ոստիկանության և հակակառավարական ցուցարարների միջև անցած գիշեր բախումներ են տեղի ունեցել Բելգրադի կենտրոնում, որի հետևանքով  տասնյակ մարդիկ են վիրավորվել և ձերբակալվել։

Անկարգությունները սկսվել են արտահերթ ընտրությունների պահանջով անցկացված բողոքի ցույցից հետո, որին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Բախումները ճնշելու համար ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարները պահանջել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը, ով 12 տարի ղեկավարում է երկիրը։

Վուչիչը և նրա կուսակցությունը հրաժարվում են արտահերթ ընտրություններ անցկացնել՝ մեղադրելով «արտաքին ուժերին» տեղի ունեցածի համար։  Բողոքի շարժումը գլխավորում են ուսանողները։ Ռոյթերսը հաղորդում է, որ տասնյակ ոստիկաններ հատուկ միջոցներով պաշտպանել են կառավարական շենքերը և մոտակա այգին, որտեղ երկրի տարբեր ծայրերից հավաքվել էին նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցները։ Սերբիայում մինչ այդ բողոքի ալիք էր բարձրացել Նովի Սադի երկաթուղային կայարանում տանիքի փլուզումից հետո, որի հետևանքով 16 մարդ էր զոհվել։