ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել՝ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ բացման և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջներով։
Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։
Բանաձևում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը, Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական կարևոր օղակ է, ինչը արգելափակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության համար և խոչընդոտում առաջին անհրաժեշտության պարագաների, մարդասիրական օգնության մուտքն ու տնտեսական հնարավորությունները։ Ֆլամանդական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը ընդունում է հարցի հրատապությունը և կոչ անում Ադրբեջանին` անհապաղ վերացնել շրջափակումը` ապահովելով ապրանքների, ծառայությունների հոսքն ու մարդկանց տեղաշարժը միջանցքով։
Ավելին, բանաձեւում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ ինքնիշխան պետության սահմաններում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է և ինքնիշխանության սկզբունքների խաթարում։ Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին` դրդել Ադրբեջանին դադարեցնելու իր թշնամական քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։
Բանաձեւի նախաձեռնող, Ֆլամանական խորհրդարանի անդամ Ալեսիա Քլեյսը, որը ներկայացնում է Նոր ֆլամանական «Ալիանս» կուսակցությունը, անդրադառնալով բանաձևի ընդունմանը, նկատել է. «Ես շատ գոհ եմ, որ խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը հավանություն է տվել հայ-ադրբեջանական հակամարտության՝ ներառյալ Լաչինի միջանցքի փակման և հումանիտար իրավիճակի վերաբերյալ մեր բանաձևին։
Մենք միասնական ենք՝ դատապարտելու շարունակվող պատերազմը և կոչ ենք անում բոլոր կողմերին արդյունավետ քննարկումներում առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն»:
Բանաձևի քննարկումներ ընթացքում խորհրդարանի անդամ և բանաձևի համահեղինակ Կարլ Վանլաուեն մասնավորապես նշել է. «Այս բանաձևը հայ համայնքի հետ բազմաթիվ զրույցների և ֆլաման լրագրող Յենս Դե Ռեյկի հետ քննարկումների արդյունք է, որին անցած շաբաթ հյուրընկալել էինք հանձնաժողովում։ Նա ներկայացրել է Կովկասում ավերիչ հակամարտությունը։ Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակումը իսկական հումանիտար ճգնաժամ է։ Դա պետք է դադարեցվի հիմա»։
Անդրադառնալով բանաձեւին՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ֆլաման պատգամավորների աշխատանքը, մասնավորապես նրանց, ովքեր առաջնորդող դեր են խաղացել և անխոնջ կերպով հանդես են եկել ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև Արցախում էթնիկ զտումների քաղաքականության դեմ։ Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հավասար է նրա կյանքի իրավունքին, որը պետք է անզիջում կերպով պաշտպանել»։