Բելգիան 2025 թվականի արդյունքներով Իսպանիային...

Բելգիան 2025 թվականի արդյունքներով Իսպանիային դուրս է մղել ռուսական գազի խոշորագույն գնորդների եռյակից։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ն պարզել է՝ ուսումնասիրելով Եվրոստատի (Եվրոպական վիճակագրական վարչություն) տվյալները:

Եվրամիության կողմից ռուսական գազի ընդհանուր ներմուծման մեջ Բելգիայի բաժինը 2025 թվականին 2024 թվականի 7%-ից աճել է մինչև 13%, ինչի շնորհիվ երկիրը յոթերորդ հորիզոնականից երրորդ տեղն է բարձրացել ռուսական գազի խոշորագույն գնորդների վարկանիշային աղյուսակում։

Առաջին և երկրորդ տեղերը պահպանել են Ֆրանսիան և Հունգարիան. երկու երկրների բաժինները դրա հետ մեկտեղ դրական դինամիկա են արձանագրել. Ֆրանսիայինը՝ նախորդ տարվա 20%-ից մինչև 24%, իսկ Հունգարիայինը՝ 17%-ից մինչև 21%։

Չորրորդ հորիզոնականը կիսել են Իսպանիան և Հունաստանը. նրանց բաժին է ընկել գնումների 10-ական տոկոսը, իսկ հինգերորդ տեղը զբաղեցրել են Նիդեռլանդները և Բուլղարիան՝ երկուսն էլ 7-ական տոկոս։

Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը 2025 թվականի արդյունքներով ռուսական գազի վրա ծախսել է 13,2 միլիարդ եվրո, ինչը նվազագույն ցուցանիշն է վերջին հինգ տարվա ընթացքում. 2024 թվականի համեմատությամբ ներմուծումը կրճատվել է 13%-ով։