Բելառուսը հայտնել է սահմանը հատած ուկրաինական...

Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն հայտարարել է, որ որսացել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, որն ապօրինի կերպով խախտել է սահմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է կոմիտեի Telegram ալիքում տարածված հաղորդագրությունից, ԱԹՍ-ի օգնությամբ իրականացվել է Բելառուսի Հանրապետության սահմանամերձ տարածքի հետախուզություն։

«Ուկրաինական կողմը շարունակում է սադրիչ գործողությունները՝ կապված Բելառուսի Հանրապետության տարածք անօդաչու թռչող սարքերի դիտավորյալ թռիչքի հետ: Հուլիսի 16-ին ևս մեկ միջադեպ է գրանցվել Բրագինի շրջանում․․․ Գոմելի սահմանապահները որսացել են ուկրաինական անօդաչու թռչող սարքը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բելառուսական կողմը հավելել է, որ սահմանապահ ջոկատի կողմից ռադիոէլեկտրոնային հրացանի կիրառման արդյունքում դադարեցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հետագա թռիչքը։

«Կվադրոկոպտերը հարկադրական վայրէջք է կատարել ջրի վրա», - նշել են գերատեսչությունում։

Սկսվել է վարչական գործընթաց, կատարվում է ստուգում։