Բելառուսն ու Հայաստանը վերջին 5 տարիների ընթացքում 2.5 անգամ ավելացրել են առևտրաշրջանառությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Բելտա» գործակալությանը հայտնել են Բելառուսի անտառատնտեսության նախարարությունից:
«Բելառուսական արտահանման ծավալով՝ Հայաստանն ավանդաբար դասվում է Բելառուսի 50 ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում։ Միաժամանակ, երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճում է։ Այսպիսով, եթե 2016 թվականին այն կազմել է 32 միլիոն դոլարից մի փոքր ավելի, ապա 2020 թվականին այն արդեն գերազանցել է 82 միլիոն դոլարը։ Առևտրաշրջանառության աճ է գրանցվել, և ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով այն գերազանցել է 62 միլիոն դոլարը»,- հայտնել են նախարարությունից:
2021 թվականի հունվար-սեպտեմբերին Բելառուսից արտահանման հիմնական ապրանքներն են եղել կաթնամթերքը, կահույքը, տեղեկատվության ավտոմատ մշակման համակարգիչները և դեղամիջոցները։ Իր հերթին Բելառուսը Հայաստանից ներմուծում է ալկոհոլային խմիչքներ, պղնձի թափոններ և ջարդոն։
Նախարարությունից հայտնել են, որ Բելառուսում նկատվում է նաև հայկական ներդրումների աճ։ Առաջին կիսամյակի տվյալներով՝ տնտեսություն նրանց մուտքերի ծավալը կազմել է 10,6 մլն դոլար (գումարած 16,4%)։ Բացի այդ, Բելառուսում գործում են հայկական կապիտալով 46 ձեռնարկություն, այդ թվում՝ 11 համատեղ և 35 արտասահմանյան կազմակերպություններ։
Ընդգծվում է, որ երկու երկրների տնտեսական ներուժի ընդլայնմանը նպաստում է առևտրատնտեսական համագործակցության հարցերով բելառուսա-հայկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Բելառուսական կողմից այն գլխավորում է անտառտնտեսության նախարար Վիտալի Դրոժան։