Բելառուսի տարածքով դեպի ԵՄ փախստականների հոսք...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածքով Եվրոպական Միություն ուղևորվող փախստականների հոսքը չի դադարում: Այդ մասին հայտնում Է «Беларусь сегодня» պետական հրատարակությունից:

«Մենք վաղուց այդ մասին չենք խոսել, վերջին ժամանակներս մեր հասարակությանը չենք տեղեկացրել փախստականների խնդրի մասին… Մարդիկ փախչում են պատերազմից: Լավ, այստեղ գալիս են Ուկրաինայից. նրանք մեր մարդիկ են, այստեղ առանձնապես խնդիրներ չկան։ Ով ուզում է, գալիս Է, մեզ մոտ Է մնում մշտական ​​բնակության։

Ոմանք խնդրում են իրենց որոշակի ծառայություններ մատուցել՝ կերակրել, խմեցնել, տաքացնել, բուժել։ Մենք դա անում ենք։ Բայց չի դադարում մարդկանց հոսքը Ասիայի հյուսիսից, Աֆղանստանից, Իրանից, մենք դա արձանագրել ենք: Մարդիկ գալիս են այստեղ նույնիսկ հարավից՝ Պարսից ծոցի շրջանից», - ասել է Լուկաշենկոն:

Դրա հետ մեկտեղ Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ թեև մարդկանց հոսքերը նվազել են, սակայն խնդիրը, միևնույնն Է, շարունակում է արդիական մնալ։

Հրատարակության հաղորդագրության համաձայն՝ անցած տարի հանրապետության սահմանապահ ծառայությունը մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ կայունացնելու միգրացիոն իրավիճակը Եվրամիության հարևան պետությունների հետ սահմանին, կանխելու նրանց տարածքից իրավախախտների անօրինական արտաքսումը Բելառուսի տարածք։

Վկայակոչելով սահմանապահների տվյալները՝ հրատարակությունը նշում է, որ միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր (2021 թ. օգոստոսից մինչև 2023 թ. հունվարի 23-ը) սահմանի անմիջական մերձակայքում հայտնաբերվել է 17 մահացած փախստական։

Լիտվան, Լատվիան և Լեհաստանը 2021 թ.-ին հաղորդել են Բելառուսի հետ սահմանին Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ մեղադրելով Մինսկին միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Բելառուսական կողմը կտրականապես հերքել է, որ նպաստում է անօրինական միգրացիային։ Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են Լիտվայի, Լեհաստանի և Լատվիայի կողմից միգրանտներին բելառուսական տարածք բռնի արտաքսելու մասին։