Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է հունվարի 26-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տարել երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների 86,82%-ը։ Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող մոտ 6,9 մլն քաղաքացիների 85,69%-ը։
«Քվեարկության ընթացքում կամ ձայները հաշվելիս ընտրական օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ քաղաքացիների կամ դիտորդների կողմից բողոքներ չեն ստացվել», - նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն։
Ինչպես հաղորդել է Նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը, Բելառուսի կառավարությունը վայր է դրել լիազորությունները: Համապատասխան որոշումն ստորագրել է հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
«Կառավարությունը, սահմանադրության համաձայն, վայր է դրել լիազորությունները նորընտիր նախագահի առաջ»,- նշված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։