Վլադիմիր Պուտինը, որն Ուկրաինայում պատերազմը համեմատել էր սպիտակ արջերի վրա մարդասպան կետերի որսի հետ և կոչ էր արել այդ մասին պատմել երեխաներին, հնարավոր է, դարձել է նեյրոսլոպի՝ արհեստական բանականության օգնությամբ ստեղծված և ուշադրություն գրավելու նպատակով համացանցում տարածվող կեղծ տեսանյութերի զոհ։ Ինչպես նշել է BBC-ն, մարդասպան կետի կողմից սպիտակ արջի սպանության գիտականորեն հաստատված դեպքեր չկան, թեև համացանցում հայտնվել են բազմաթիվ կեղծ հոլովակներ, որոնք իբր պատկերում են այս կենդանիների միջև մարտը։ Սպիտակ արջերի վրա մարդասպան կետերի հարձակումների փաստագրված դեպքեր նույնպես չի հաջողվել գտնել Արջերի պոպուլյացիաների ուսումնասիրման և կառավարման միջազգային ասոցիացիայի (International Association for Bear Research and Management) հրապարակումներում։
Գիտնականներին հայտնի են միայն այս երկու տեսակների միջև անուղղակի սննդային կապերը և նրանց հատման գոտիների ընդլայնումը՝ Արկտիկայի սառույցների հալման պատճառով։ Ալբերտայի համալսարանի կենսաբաններ Դերոշերի, Ռիչարդսոնի, Փիլֆոլդի և մի շարք այլ հետազոտողների՝ արկտիկական էկոհամակարգում սպիտակ արջերի՝ որպես լեշի մատակարարների դերի մասին ակնարկում նշվել է, որ այդ կենդանիները երբեմն ուտում են մարդասպան կետերի որսի մնացորդները։
Օգոստոսի 29-ին Պուտինը ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ մանկավարժներից մեկը պատմում էր Հյուսիսային բևեռ իր ուղևորության մասին, հայտնել էր, որ երեխաներին պետք է բացատրել, «թե ինչ աշխարհում ենք մենք ապրում»՝ սննդային շղթայի օրինակով, որտեղ մարդասպան կետերն ուտում են սպիտակ արջերին։ «Նրանք [մարդասպան կետերը] այս արջերին ուտում են մանրաձկան պես։ Պարզապես երամով հարձակվում ու պատառոտում են։ Այս ամենը շատ հետաքրքիր է։ Այդպիսի սննդային շղթա է։ Այս մասին էլ պետք է երեխաներին պատմել, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ աշխարհում ենք մենք ապրում և ինչու ենք մենք անցկացնում հատուկ ռազմական գործողությունը», — ասել է Պուտինը։ Նա նաև հիշել է Ջեք Լոնդոնին և հյուսիսային ժողովուրդների սովորույթները՝ ծերերին թողնել, որ գայլերն ուտեն, դա անվանելով «մի քիչ դաժան», բայց բացատրելով, որ «այդպիսին է նրանց կյանքը»։



