Բաղրամյան 12 հասցեի շենքը 99 տարով անհատույց...

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությանը ՀՀ-ում վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի հունիսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ի և Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջև կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված շինությունների փոխանակման վերաբերյալ:

Հուշագրով նախատեսվել է, որ Հայաստանը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը իննսունինը տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով, փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք խոշոր երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում նախագծում նշված տարածքի տրամադրումը Սուրբ Աթոռին՝ որպես Երևանում վերջինիս դիվանագիտական առաքելության նստավայր: