Բարի նպատակներով բարեփոխումներ ենք անում, հետ...

Մենք պետք է ջանք գործադրենք որ մեր սիրելի քաղաքացիները հասկանան որ դա իրենց համար է, մենք անընդհատ այդ պրոբլեմն ունենում ենք, երբ բարի նպատակներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել այդ բարեփոխումը: Այս մասին կառավարության նիստում գյուղատնտեսական ապահովագրության հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ դա մեկ պարզ բանի պատճառով է: «Ստացվում է, նույնիսկ միտումնավոր, որ բարեփոխումը ոչ թե օգտագործվում է զարգանալու համար, այլ այդ բարեփոխումն օգտագործվում է այս պահին ինչ-որ մի հատ փոքր և կարճաժամկետ օգուտ ստանալու համար:

Երբ մենք գաղափարախոսական հատվածում, այդ թվում՝ իրական Հայաստանի գաղափարախոսական հատվածում, խոսում ենք հոգատար հանրության մասին, այս հոգատար հանրության ատրիբուտներից մեկը դա է՝ երբ ճանապարհ ենք սարքում, հաջորդ շաբաթվա առաջին գործը չլինի, որ այդ ճանապարհի վրայով մի հատ խողովակ քաշենք՝ ասֆալտը քանդելով:

Կամ երբ ասենք միկրոձեռնակարկատիրության համակարգ է ներդրվում, առաջին միտքը չլինի՝ էս ինչ լավ բան է, ընկերությունը կիսենք յոթ մասի, գնանք յոթ հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն ունենանք»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ սա իրականում խորը ֆունդամենտալ, սոցիալ-հոգեբանական պրոբլեմ է և որ այդտեղ էլ իր եզրակացությունը միանշանակ է՝ քաղաքացու ընկալումը սեփական պետությանը որպես մի օտար մարմնի:

«Գնալով ավելի եմ համոզվում, որ պետական ռելիկտային մտածողությունը, որ ոնց որ ժամանակին կայսրությունների ընկալումն է եղել, մեր պետությանն էլ ենք այդպես վերաբերում»,- ասաց նա: