Բարեփոխումները զգալիորեն նպաստել են քաղաքացիո...

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է «Հայաստանի ապաքաղաքացիության ինդեքսի ներկայացում» թեմայով միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպմանը։
Հանդիպմանը մասնակցում էին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների այլ ներկայացուցիչներ։

Արմեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ, պետությունն ինքը հստակ հանձնառություններ ունի ստանձնած ապաքաղաքացիության կրճատման մասով՝ միջազգային պարտավորություններին համահունչ, և այս բոլոր հանգամանքները էականորեն նպաստել են միջազգային հարթակներում Հայաստանի դիրքավորմանը։

Անդրադառնալով ապաքաղաքացիության կրճատման ուղղությամբ Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառություններին՝ ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիների օրենսդրական բարեփոխումները զգալիորեն նպաստել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի նվազեցմանը։ Նրա խոսքով՝ բարեփոխումները հնարավորություն են տվել նաև հստակ սահմանել քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը, ինչի շնորհիվ նրանք կարող են պատշաճ իրացնել իրենց իրավունքները։

Արմեն Ղազարյանը նշել է, որ պետական և իրավական քաղաքականություններ մշակելիս որոշ խոցելի խմբեր հաճախ մնում են տեսադաշտից դուրս, և այդ համատեքստում կարևոր է նրանց նկատմամբ թիրախային վերաբերմունքը։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտպանության գծով ղեկավար Գաննա Կոպցիուխը ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՆԳ նախարարության, ցուցաբերել է հետևողական քաղաքականություն, որի արդյունքում արձանագրվել է էական առաջընթաց ինչպես ապաքաղաքացիության խնդրի նվազեցման, այնպես էլ իրավական մեխանիզմների մշակման և ներդրման ուղղությամբ՝ նպաստելով քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացին։
Ներկայացվել է Հայաստանի ապաքաղաքացիության ինդեքսը, որը բավականաչափ բարձր ցուցանիշ է, ներկայացվել են նաև միջազգային լավագույն փորձն ու չափանիշները, ինչպես նաև այն խնդիրներն ու բացթողումները, որոնց շտկումն անհրաժեշտ է ապաքաղաքացիության խնդրի հաղթահարման գործընթացն առավել արդյունավետ և համաշխարհային չափանիշներին համապատասխան դարձնելու համար։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն իր խոսքում ընդգծել է ոլորտի լավարկման ուղղությամբ մշտական պատրաստակամությունը՝ որպես լիազոր մարմնի սեփական հանձնառությունը, ինչպես նաև բարձր գնահատել միջազգային և հասարակական կայուն և բարձրորակ գործընկերությունը, որ առկա է ոլորտում։
Հանդիպումը ապաքաղաքացիության խնդրի հաղթահարման, տեղական ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև թիրախ խմբերի նկատմամբ նպատակային ուշադրության անհրաժեշտությունը գնահատելու հնարավորություն էր: