Այսօր առավոտյան զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուրում» Ոստիկանության «կարմիր բերետավոր» ծառայողների բացարձակ անթույլատրելի վերաբերմունքը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում կա որոշում կայացնողների և կատարողների արժանապատվության ճգնաժամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նաեւ նշել է. «Ծնողները Հայրենիքին տվել են ամենաթանկը և նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ամենաբարձր երախտիքով` անկախ նրանց հայացքներից:
Տեղի ունեցածն ապացուցեց ևս մեկ անգամ, որ բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին` դարձնելով այն այդ շահերի զոհը, հեղինակազրկելով Ոստիկանությանը և ձախողելով «բարեփոխումները»:
Օրենքներն անգամ ընդունվում են այնպես, որ դրանք ծառայեն ոչ թե իրավունքին, այլ քաղաքական հաշվարկներին:
Բազմիցս եմ ասել, որ Ոստիկանության բարեփոխումը միայն գեղեցիկ մեքենաներով ու համազգեստով չի որոշվում. անհրաժեշտ է իրական բարեփոխել Ոստիկանության հատկապես այն ծառայությունները, որոնք անմիջականորեն են մարդկանց հետ առնչվում:
Տեղի ունեցածն արժանապատվության, անձնական ազատության և մյուս սահմանադրական ու միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումներ էր»։