Բարձիթողի վիճակ է տիրում Արմավիր-Գյումրի ավտո...

Բարձիթողի վիճակ է տիրում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ մոտ 25-կիլոմետրանոց ճանապարհին։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող Թալինի ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել անգամ ձյունը հեռացնելու, իսկ հետո մերկասառույցը աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհով երթևեկող վարորդներն իրենց զայրույթն էին ուղղում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին, ովքեր ոչինչ չեն ձեռնարկել ու չեն պարտավորեցրել ճանապարհն սպասարկող Թալինի ճանշինը, որ ճանապարհից մաքրեն ձյունն ու կատարեն մշակման աշխատանքներ։

Մարզպետն ու Թալինի քաղաքապետը  կփորձեն արդարանալ, թե դա մեր իրավասության մեջ չի մտնում, իսկ այդ պաշտոնյաները պետք է քաջ գիտակցեն, որ իրենց ղեկավարած մարզում նման իրավիճակների թիվ մեկ պատասխանատուն հենց իրենք են։

Նրանք կարող էին ճանշինին զգուշացնել, ինչու չէ նաև պարտավորեցնել, որպեսզի Արմավիրի մարզը Շիրակի մարզին կապող այդ ճանապարհահատվածը մաքրեին, քանի որ շարժը բավականին ակտիվ է ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների կողմից։