Բաքվում ռուսաստանցի լրագրողների ձերբակալությո...

Բաքվում ռուսաստանցի լրագրողների ձերբակալությունը բացարձակապես չի համապատասխանում ընդունված նորմերին և երկկողմ հարաբերությունների ոգուն: Ճեպազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խոսքը վերաբերում է հենց լրագրողներին: Եվ, իհարկե, նման միջոցները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բացարձակապես չեն համապատասխանում ընդունված կանոններին և նորմերին, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն և բնույթին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Հունիսի 30-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է իրավապահ մարմինների կողմից «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում գործողություն իրականացնելու մասին: Ավելի ուշ նախարարությունը հայտնել է գործակալության գրասենյակում մի քանի մարդու ձերբակալման մասին, որոնց թվում են եղել «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը: Sputnik-ի խմբագրությունում հայտնել են, որ Ադրբեջանում աշխատանքի որևէ պաշտոնական արգելք չեն ստացել, ընթացել է երկխոսություն աշխատանքային խմբերի մակարդակով՝ հնարավոր տարաձայնությունների կարգավորման համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Sputnik Ադրբեջան»-ի դեմ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։