
Բաքվում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման հարցին: Ղազիաթը մուֆթիության տարածքային ստորաբաժանում է, որը ղեկավարում է ղազին և անմիջականորեն ենթակա է գերագույն մուֆթիին։ Ղազիաթը համապատասխանում է քրիստոնեական եկեղեցիներում թեմին։
Քննարկմանը մասնակցել են Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, Ղազիների խորհրդի անդամներ, կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդարանի անդամներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել նախկինում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանում» (նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը-Խմբ.) գործող պատմական կրոնական հաստատության վերականգնման հեռանկարներն ու ընթացակարգերը։ Հանդիպման ընթացքում պաշտոնապես հայտարարվել է «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին։ Ղազիների խորհրդի քվեարկությունից հետո նոր ղազի է նշանակվել Բախտիյար Նաջաֆովը։ Այս մասին հայտնել է Փաշազադեն։