Մեզ հայտնի են Բաքվի եւ Երեւանի դիրքորոշումներն այս հաշվով, հայկական կողմը եւս նման պահանջներ ունի Ադրբեջանից։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե որն է ՌԴ դիրքորոշումը Ադրբեջանի՝ Արարատի եւ Տավուշի մարզերում յոթ անկլավները վերադարձնելու պահանջի հետ կապված։
«Մենք ելնում ենք այն բանից, որ տարածքային վեճերի հարցերը պետք է լուծվեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակում, իսկ այն համակարգվում է համապատասխան երկկողմ հանձնաժողովի կողմից։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ հուլիսի 12-ին, երկարատեւ ընդմիջումից հետո, տեղի ունեցավ չորրորդ նիստը, Ռուսաստանը պատրաստ է կողմերին խորհրդատվական, փորձագիտական եւ փաստաթղթային աջակցություն ցուցաբերել բոլոր, անգամ ամենաբարդ հարցերի լուծման հարցում»,- նշել է Զախարովան։