Բաքուն սրում է Լաչինի միջանցքի հարցը, որպեսզի...

Ադրբեջանցիները սրում են Լաչինի միջանցքի հարցը, որպեսզի ստանան այն, ինչ իրենց խոստացել են Սյունիքի մարզում։ Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը։ 

Նրա կարծիքով՝ այս հարցի լուծումն ընթանում է հենց այդ ուղղությամբ։ 

«Թեեւ Հայաստանի կառավարությունը Երասխով ճանապարհ է առաջարկել, այդ թվում նաեւ հյուսիս-արեւելքում՝ Ղազախից մինչեւ Իջեւան, սակայն Ադրբեջանի իշխանությունների համար իդեա-ֆիքսն, այնուամենայնիվ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։ Ըստ իս՝ մենք արդեն մտել ենք փոխանակման փուլ»,-պարզաբանեց Սահակյանը:

Նրա խոսքով՝ եթե իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները քիչ թե շատ «ցիվիլ» լինեին, ստեղծված իրավիճակից դուրս գալու քննարկումը կարելի էր միանգամայն իրատեսական համարել: