Բաքուն ռուսական կողմին կրկին բողոք է ներկայաց...

2025 թվականի հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ընթացքում ռուսական կողմին բողոք է ներկայացվել երկու երկրի հարաբերություններին վնաս պատճառող ոչ բարեկամական գործողությունների և քայլերի կապակցությամբ:

Ադրբեջանը ևս մեկ անգամ խոր մտահոգություն է հայտնել հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների բնակարաններում ռուս իրավապահների իրականացրած ռեյդերի ժամանակ երկու մահվան և ծանր մարմնական վնասվածքների կապակցությամբ:

Ընդգծվել է, որ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ռուսական կողմի բացատրությունը հակասական է՝ հաշվի առնելով մահացածների մարմինների վրա բռնության կոպիտ հետքերի առկայությունը և փորձագիտական ​​կարծիքը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ խուզարկությունների հետ կապված ռուսական ԶԼՄ-ներում նկատվում են էթնիկ անհանդուրժողականության դրսևորումներ, անընդունելի է համարվել «էթնիկ հանցավոր խումբ» արտահայտությունների օգտագործումն ադրբեջանցիների նկատմամբ:

Ռուսաստանի դեսպանին տեղեկացվել է, որ ադրբեջանական կողմը ակնկալում է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից թույլ տրված օրենքի խախտումների մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննություն, և որ մեղավորները կպատժվեն։

Այս առնչությամբ Բաքուն անհիմն է համարել ադրբեջանական կողմի դիրքորոշումը որպես Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն ներկայացնելը։

ԱԳՆ-ն միաժամանակ անհիմն է համարել «Սպուտնիկ-Ադրբեջանի» գրասենյակում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ռուսական կողմի պնդումները՝ վստահեցնելով, որ դրանք իրականացվել են Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան, և ներկայումս քննչական գործողություններ են ընթանում: