Մինչ Հայաստանում բոլորը դարձել են ֆուտբոլի մասնագետ, հարեւան Ադրբեջանում կրկին հետաքրքիր զարգացումներ են։ Մասնավորապես, այս օրերին Մոսկվայում ընթանում է ռուս-ադրբեջանական միջռեգիոնալ հերթական ֆորումը, որի շրջանակներում Ռուսաստան է այցելել, պաշտոնական այցով, Ադրբեջանի առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան։
Եվ ադրբեջանական եւ ռուսական լրատվամիջոցները, հղում տալով պաշտոնական հայտարարություններին, ընդգծված վերաբերմունքով լուսաբանում են այս այցը։ Արդեն տեղի է ունեցել Մեհրիբան Ալիեւայի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը։Այսօր կկայանա նաեւ Մեհրիբան Ալիեւայի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ուշագրավ է, այն, որ եւ ռուսական եւ ադրբեջանական մամուլում ընդգծվում է ոչ թե այն, որ Մեհրիբան Ալիեւան հանդիսանում է Ադրբեջանի առաջին տիկինը, այլ այն, որ նա Ադրբեջանի առաջին փոխնախագահն է։
Այլ կերպ ասած՝ շեշտադրություն է արվում այս հանդիպումների քաղաքական բովանդակության վրա։ Ինչու։ Արդյոք սա նշանակում է, որ ներադրբեջանական իշխանական բուրգում որոշակի տեղաշարժեր են սպասվում եւ մինչ Հեյդար-կրտսեր Ալիեւը կկարողանա լիարժեքորեն պատրաստ լինել ստանձնելու երկրի ղեկը, Մեհրիբան Ալիեւան առաջին պլան է բերվում նաեւ արտաքին քաղաքական ասպեկտում որպես պատկերավոր ասած՝ «Ալիեւների գահի ռեգենտ-կառավարիչ», ու եթե այո, ապա ինչումն է խնդիրը․ Իլհամ Ալիեւի շուրջ ինչ «բոժոժ» է հյուսվում։ Առհասարակ ներադրբեջանական իշխանական բուրգը բավական բարդ ու բազմաշերտ համակարգ է, ու այստեղ ցանկացած դրսեւորում, որը փոքրի ինչ անսովոր կարող է թվալ, արդեն ինչ որ ազդակներ իր մեջ պարունակում է։
Ի դեպ, այս այցից ընդամենն օրեր առաջ Իլհամ Ալիեւն ու Մեհրիբան Ալիեւան արդեն Մոսկվայում եղել են, ու նույնիսկ այցելել Մաքսիմ Գալկինի երեկոյին։ Ստացվում է, որ այս այցն արդեն, որը իրականացվում է արդեն նշված միջռեգիոնալ ֆորումի շրջանակներում, յուրահատուկ իմաստ ունի, ու լիովին հնարավոր է, որ Մեհրիբան Ալիեւան իրոք բերվում է առաջին պլան նաեւ միջպետական հարաբերությունների ոլորտում եւ սկսում է ներկայացվել Բաքվի դաշնակիցների ղեկավար կազմերին որպես հնարավոր «առաջին ջութակ»