Բաքուն դժկամություն է հայտնում խաղաղության պա...

Խնդիրն այն է, որ թեև Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է,  հարցում և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները։ Այս մասին «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ որևէ խոչընդոտ սահմանների սահմանազատման և պայմանավորված այլ սկզբունքների իրագործման համար:

«Այն ժամանակ, երբ մենք համաձայնության գանք այս հարցում խաղաղության պայմանագրի համատեքստում, մենք շատ կմոտենանք դրա կնքմանը:

Եվս մի քանի խնդիր կա, օրինակ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը նույնպես քննարկման առարկա է: Այս համատեքստում կարևոր է իմանալ, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս, այդ իսկ պատճառով մեր կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ. մենք կարծում ենք, որ եթե այդ ապաշրջափակումը տեղի ունենա, դա ոչ միայն տնտեսական բարգավաճման տեսանկյունից ձեռնտու կլինի տարածաշրջանի երկրներին, այլև կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր գործոն։

Այսպիսով, մենք պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ՝ հասկանալով, որ այս նախագիծը կօգնի կապել Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին։ Եթե դա իրականացվի, դա կլինի ևս մեկ հետաքրքիր միջոց Պարսից ծոցի երկրները կապելու սևծովյան տնտեսական տարածաշրջանի հետ։ Համաձայն այս հայեցակարգի՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգմամբ, բայց նաև՝ համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների»,- ընդգծել է Միրզոյանը: