Բաքուն դեռ չի արձագանքել ադրբեջանական կողմից...

Հայաստանն Ադրբեջանին տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական կողմից սահմանային հրադադարի խախտումների վերաբերյալ, սակայն Բաքուն դեռ չի արձագանքել  դրանց։

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային միջադեպերի համատեղ հանձնաժողով ստեղծել, որպեսզի հետաքննենք միջադեպերը։ Պաշտոնական փաստաթուղթ ենք փոխանցել ադրբեջանական կողմին, որոշակի քննարկումներ ենք ունեցել Ադրբեջանի հետ դրա շուրջ, բացի այդ ադրբեջանական կողմին խնդրել ենք դետալներ փոխանցել Բաքվի բնորոշմամբ՝ միջադեպերի, խախտումների վերաբերյալ»,-ասել է Գրիգորյանը։ 

ԱԽ քարտուղարը շեշտել է, որ հայկական կողմը մանրամասն հետաքննություն է կատարել և պատասխանել է Ադրբեջանին։ 

«Կարող եմ ասել, որ մեր կողմից գրեթե խախտում չի եղել։ Մենք նաև տեղեկություններ ենք փոխանցել հենց ադրբեջանական կողմից կատարված խախտումների վերաբերյալ, որոնք նույնիսկ տեղի ունեցածի մասին փաստող տեսագրություններ են պարունակում։ Ակնկալում ենք ադրբեջանական կողմի հետաքննությունը»,-նշել է Արմեն Գրիգորյանը։ 

ԱԽ քարտուղարի բնորոշմամբ՝ հայկական սահմանամերձ գյուղերի տարածքում ադրբեջանական դիրքերից արված կրակոցների նպատակներից մեկը կարող է լինել միջազգային հանրության ուշադրությունը խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված հաջողություններից շեղելը։ 

«Իհարկե, կարող են լինել այլ նպատակներ, մենք շարունակում ենք հետևել և փորձել հասկանալ դրդապատճառները», - ասել է Արմեն Գրիգորյանը։

Ադրբեջանի զինված ուժերն ապրիլից պարբերաբար կրակ են բացում Սյունիքի Խոզնավար և Խնածախ գյուղերի ուղղությամբ՝ ժամանակ առ ժամանակ թիրախավորելով բնակելի տները։