Բաքուն Բրյուսելի հետ մեծ հույսեր է կապում Երե...

Բաքուն Բրյուսելի հետ մեծ հույսեր է կապում Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Մենք մեծ հույսեր ենք կապում Եվրամիության, հատկապես նախագահ Շառլ Միշելի ջանքերի հետ, ով արդեն ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին։ Նա արդեն լավ ծանոթ է գործընթացին։ Կարծում եմ՝ սա շատ խոստումնալից միջավայր է ստեղծում հաջող բանակցությունների համար»,- ասել է Ալիեւը՝ ընդունելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Ալիեւը նշել է, որ ապրիլի 6-ին վերջին եռակողմ հանդիպումը (Ալիեւ-Փաշինյան-Միշել) Բրյուսելում բանակցային գործընթացի զարգացման «ելման կետ» է համարում։ Նրա խոսքով, բրյուսելյան հանդիպման արդյունքում Բաքվի եւ Երեւանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սահմանային հարցերով աշխատանքային խմբեր ստեղծելու եւ խաղաղ համաձայնագրի շուրջ։

Միաժամանակ Ալիեւը նախիջեւանի հետ Ադրբեջանի տրանսպորտային կապի հարցը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում։ «Ադրբեջանական կողմը 100 կմ-ից 60 կմ-ից ավելի երկաթուղին արդեն անցկացրել է երկրում, եւ ակնկալում է, որ այն ավարտին հասցվի 2023 թվականին։ Ադրբեջանն ակտիվորեն ավտոճանապարհ է կառուցում նաեւ մինչեւ Հայաստանի հետ սահման։ Ճանապարհի ադրբեջանական հատվածը պատրաստ կլինի հաջորդ տարվա վերջին»,- ասել է Ալիեւը։

Նա դժգոհել է, որ Երեւանը դեռեւս չի սկսել երկաթուղու եւ ավտոմոբիլային ճանապարհների հարցերի լուծումը։ «Ցավոք, Հայաստանում (երկաթուղու հայկական մասի) տեխնիկատնտեսական հիմնավորումը դեռ չի սկսվել, ինչը վկայում է այն մասին, որ գործընթացը կարող է ձգձգվել։ Ցավոք, Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը չհստակեցրեց մայրուղու աշխարհագրական կոորդինատները։ Ես այս հարցը բարձրացրել եմ փետրվարի 4-ի տեսակոնֆերանսի ժամանակ, բայց պատասխան չի եղել։ Ապրիլի 6-ին կրկին խնդրեցի ճանապարհի աշխարհագրական կոորդինատները, բայց պատասխան չեղավ։ Հուսով եմ, որ մենք դրանք կստանանք մոտ ապագայում»,- ասել է Ալիեւը։

Ալիեւը հավելել է, թե «շրջադարձային կետ է» է համարում այն փաստը, որ Հայաստանը «ընդունում է հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները»։ «Այժմ ժամանակն է, որ երկու կողմերն էլ ապացուցեն իրենց լրջությունը բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։

Կլաարն իր հերթին նշել է, որ Ադրբեջան այցի նպատակը համաձայնեցված հարցերի իրականացումն ու շարունակականությունն ապահովելն է։ Նա նաեւ նշել է, որ շաբաթվա երկրորդ կեսին կմեկնի Երեւան։