Բանկային համակագը 2023թ. ապահովել է մոտ 230 մլրդ դրամի շահույթ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 20-ին ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Դա մոտ 9,2 տոկոսով ավելի քիչ է, քան 2022թ.։ Ցածր աճը բաժին է ընկել 2023թ. չորրորդ եռամսյակին՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ։
Նա ավելացրել է, որ ROE (կապիտալի եւ շահույթի հարաբերակցությունը) ցուցանիշը 2023թ. կազմել է 14 տոկոս, իսկ ընդհանուր ակտիվները ավելացել են՝ 9 տրլն 1 մլրդ դրամ (9,5 տոկոսով)։
Ազատյանը տեղեկացրել է, որ բանկերի ընդհանուր պարտավորությունները 2023թ. կազմել են 7 տրլն 707 մլրդ դրամ, աճը 2022թ. համեմատ կազմել է 8,7 տոկոս։ «Դեպոզիտներն ավելացել են 11 տոկոսով։ Ընդհանուր ծավալը կազմել է 5,6 տրլն դրամ։ Դրամով եւ արտարժույթով ավանդների բաժինը հավասար է։ 2023թ. Հայաստանում գրանցվել է 9,9 բանկային հաշիվ, ինչը 1,4 մլն-ով կամ 18 տոկոսով ավելին է, քան 2022թ.։ Հաճախորդների թիվը կազմում է 4,5 մլն։ Այս թիվը կապված է այն բանի հետ, որ մի անձը կարող է մեկից ավելի հաշիվ ունենալ բանկում։ Քարտերով իրականացվել է 400 մլն գործարք՝ 2022թ. համեմատ կրկնապատկվելով։ 24 մլն գործարք իրականացվել է Հայաստանի սահմաններից դուրս (աճը՝ 61 տոկոս)։ Դրամական արտահայտությամբ իրականացվել է 6,6 տրլն դրամի գործարք, աճը՝ 40 տոկոս։ Հայաստանից դուրս գործարքների քանակը կազմել է 705 տրլն, աճը՝ 50 տոկոս»,- ընդգծել է նա։
Այս ցուցանիշների ավելացումը բանկերի միության նախագահը կապել է հաշվարկի անկանխիկ միջոցին ակտիվ անցման հետ։



