Հայաստանի իշխանությունը շարժվում է Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով, որի շուրջ տեղի են ունենում բանակցություններ, և կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար: Այս մասին վստահեցրին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ճեպազրույցում:
Ըստ նրա՝ ի սկզբանե Արցախի հարցը ծագել է որպես արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության հարց, և այն շարունակում է այն լինել արցախահայության իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման հարց: Պատգամավոր վստահեցրեց՝ այս հարցում հետքայլի մասին խոսել չեն կարող:
Արթուր Հովհաննիսյանը վարչապետի ելույթը շատ կարևորեց այն իմաստով, որ իշխանությունն այդ ելույթներով և նաև այլ գործիչների հրապարակային ելույթներով փորձում են փակել այն «ճեղքը», որը կա հանրության և բանակցային ողջ գործընթացի միջև: Հանրությունն, ըստ էության, տեղեկացված չի եղել բանակցային գործընթացներից:
«Մենք շարժվում ենք Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով: Սրա շուրջ տեղի են ունենում բանակցություններ: և, ըստ էության, կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար»,-ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ ամեն ինչ դրված է սեղանին, թե բանակցային ողջ ընթացքում ինչ դետալներ, ինչ պայմանավորվածություններ են եղել, Արցախի կարգավիճակի ինչ ձևաչափեր, Արցախի ժողովրդի անվտանգության ինչ երաշխիքներ են քննարկվել:
«Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար, որից պետք է բխեցնենք կարգավիճակը: Ընթանում են բանակցություններ՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրենց հայրենիքում ապրելու իրավունքն ապահովելու համար»,-եզրափակեց պատգամավորը:



