Բախումներ Ռումինիայում. Ջորջեսկուին արգելել ե...

Ռումինիայի Կենտրոնական ընտրական բյուրոն ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Կալին Ջորջեսկուին արգելել է մասնակցել մայիսին նախատեսված նախագահական ընտրություններին։ Այս որոշումը Ջորջեսկուի աջակիցների և ոստիկանության միջև բախումների պատճառ է դարձել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

2024 թ. նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում Ջորջեսկուն հաղթանակ էր տարել, սակայն ընտրությունների արդյունքները չեղարկել էին, քանի որ հետախուզությունը պարզել էր, որ Ռուսաստանը նրան աջակցող 800 օգտահաշիվ էր գործարկել TikTok սոցիալական հարթակում։

Կենտրոնական ընտրական բյուրոն մերժել է Ջորջեսկուի թեկնածությունը՝ նշելով, որ «նա չի համապատասխանում օրինականության պայմաններին», քանի որ «խախտել է ժողովրդավարությունը պաշտպանելու պարտավորությունը»։

Ջորջեսկուն այս որոշումն անվանել է «ուղղակի հարված» ժողովրդավարությանը։ Նա կարող է 24 ժամվա ընթացքում բողոքարկել այս որոշումը, որից հետո 72 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի։

Մայրաքաղաք Բուխարեստում Ջորջեսկուի հազարավոր աջակիցներ բողոքի ակցիայի են դուրս եկել Կենտրոնական ընտրական բյուրոյի առջև։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Ջորջեսկուի աջակիցների նկատմամբ։ 

Ըստ BBC-ի թղթակցի՝ կոտրվել են մոտակա բարերի ապակիները, առնվազն 4 մարդ ձերբակալվել է։ Ցուցարարներից շատերը հեռացել են, սակայն մի քանի հարյուր մարդ մնացել է և շարունակել բախումները ոստիկանության հետ։ Ոստիկանական օժանդակ ուժեր են ժամանել բախումների վայր, տարածքը շղթայվել է։  

Փետրվարի 26-ին Ջորջեսկուն ձերբակալվել էր ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու գնալիս, ինչի պատճառով տասնյակ հազարավոր ռումինացիներ երթի էին դուրս եկել Բուխարեստի փողոցներ։ Ջորջեսկուին մեղադրել են սահմանադրական կարգը խախտելու մեջ։ Նա հերքել է այս մեղադրանքները, ինչպես նաև Մոսկվայի հետ կապի առկայությունը։ 

Նոր ընտրությունները նախատեսվում են մայիսի 4-ին, իսկ երկրորդ փուլը՝ դրանից երկու շաբաթ անց՝ մայիսի 18-ին: