Բագրատ Սրբազանի գործով նիստում պահանջեցին Կոչ...

Շենգավիթի դատարանում այսօր շարունակվում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։ Մեղադրյալներից Աղվան Արշակյանը չի ներկայացել նիստին։

«Նրա վիճակն այսօր  կտրուկ վատացել է, նա զանգահարել է, հրավիրել է շտապ օգնություն։ Շտապ օգնության աշխատակիցները չեն կարողացել որևէ կերպ կապ հաստատել պրոբացիայի ծառայության հետ։ Շտապ օգնության աշխատակիցները նշել են, որ նրան պետք  է տեղափոխեն հիվանդանոց, բայց չեն կարողացել։ Անալգին-դիմեդրոլ են նրան սրսկել, չգիտեմ, որքանով դա կօգնի»,-նիստում հայտարարեց պաշտպանը՝ նշելով, որ պետությունը չի կարողանում տնային կալանքում գտնվող անձի համար ապահովել բուժօգնություն։

Պաշտպանն ամփոփեց, Աղվան Արշակյանն այստեղ չէ, քանի որ պետությունն անտեսում է նրա առողջական վիճակը։

«Դրա մասին է վկայում այն, որ բազմաթիվ անգամներ միջնորդել ենք, որ անցկացնեն ՄՌՏ հետազոտություն։ Այսօր կրկին անգամ այդ մասին նշել են շտապ օգնության աշխատակիցները, սակայն ոչ ոստիկանության, ոչ պրոբացիայի ծառայության աշխատակիցները չեն ապահովում, որ նա տեղափոխվի հիվանդանոց ու պատշաճ հետազոտվի»,-ասաց պաշտպանը։
Դատավոր Կ. Ֆարխոյանը հայտարարեց, որ 10-15 րոպեով դատական նիստը կընդմիջվի։ Ապա սկսեց կրկին ընթերցել մեղադրյալների անունները՝ ներկա-բացակա անելու համար։

Մեղադրյալ Արմեն Ալեքսանյանին դատավորը հարցրեց, քանի որ նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «հայտնի հանագամանքներով պայմանավորված չի ներկայացել», ունի՞ այլ պաշտպան, կարո՞ղ է  ապահովել մեկ այլ պաշտպանի մասնակցություն։

Ա. Ալեքսանյանը պատասխանեց՝ չի կարող։ Դատական նիստն ընդմիջվեց։

Ընդմիջումից հետո դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ Աղվան Արշակյանը ներկայացել է։ Նա խնդրեց կարճ տեղեկատվություն տրամադրել, թե ինչ է եղել։

«Ուժեղ գլխացավ սկսեց, զանգեցի շտապ օգնություն։ Անալգին- դիմեդրոլ սրսկեցին, որ քնեմ։ Մի 40 րոպե առաջ էր։ Չեմ քնել»,-ասաց Ա. Արշակյանը։

Մեղադրյալներից Արմեն  Ալեքսանյանն ասաց, որ  պահանջում է իր պաշտպան Կոչուբաևի ներկայությունը, հրաժարվում է հանրային պաշտպանից։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանն առաջարկեց ապահովել Կոչուբաևի ներկայությունը. «Դատարանը ինչպես ապահովում է անազատության մեջ գտնվող մեղադրյալների ներկայությունը, այնպես էլ թող ապահովի պաշտպան Կոչուբաևի ներկայությունը դատարանում»։

Այս տեղակետը պաշտպանեցին մյուս պաշտպանները։

Մեղադրող կողմն ասաց՝ առարկություն չունի, բայց չգիտի, նման մեխանիզմներ, կառուցակարգեր կա՞ն, թե՞ ոչ։

Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասաց՝ վարույթից Կոչուբաևին հեռացնելու որոշում չկա, այնուհետեւ հայտարարեց, որ այսօր նիստը շարունակել չեն կարող, քանի որ Կոչուբաևը ներկա չէ։