«Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու կողմից 2021 թվականին, Կառավարությունն ու ԱԳ նախարարությունը որոշման հետ որևէ կապ չեն ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով հուշարձանի շուրջ վերջին օրերին ծավալվող բուռն քննարկումները։
Ավինյանի խոսքով՝ այն նվիրված է ազգային արժանապատվությանն ու արժանապատվության ասպետներին և դեմ չէ որևէ մեկին։
«Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք, թե ինչ նախապատմություն ունի արձանը և ինչի հետևանքով են տեղի ունեցել բոլոր այն գործողությունները 20-րդ դարի սկզբին։ Կարծում եմ՝ շատ քաղաքականացնել հարցը, ինչն իրականացնում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետև եթե այդպես անընդհատ քննարկենք նույն թեմաները, կարող ենք, օրինակ, Ծիծեռնակաբերդին հասնել, և դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյանների մոտ։ Կարծում եմ՝ սա մեր ներքին հարցն է, մեր ներքին խնդիրն է, որևէ մեկը սրա հետ կապ չի կարող ունենալ»,- ասաց Ավինյանը։



