ՀՀ ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են ՀԿ-ներին վերաբերող օրենսդրական բացերը, լուծման տարբերակները: Ինչպես հայտնում են ԱԺ-ից՝ քննարկումը կազմակերպվել է նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ, մասնակցել են ԱԺ պատգամավորներ:
Հանդիպման նպատակն է եղել բարձրաձայնել հասարակական կազմակերպություններին վերաբերող օրենսդրական բացերը եւ գտնելը դրանց լուծման հնարավոր տարբերակները:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը երկրի զարգացման գործում: Ըստ նրա՝ 2008-ից ինչ-ինչ պատճառներով քաղհասարակության գործունեությունը պասիվացել է, արձանագրվել են իրավունքների խախտման դեպքեր: Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ խորհրդարանը պարտավոր է նպաստել քաղհասարակության առավել ակտիվ եւ էլ ավելի ազատ գործունեությանը:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները օրենսդրական բացերի վերաբերյալ, կարեւորել ֆինանսական թափանցիկության եւ հաշվետվության հարցերը:
«Աջակցություն վիրավոր զինվորներին, զինհաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Նալբանդյանն առաջարկել է օրենսդրական փոփոխություն կատարել ՀԿ-ների կողմից բարեգործական ծրագրեր իրականացնելու եւ այդ ծրագրերը Կառավարության կողմից եւս բարեգործական գործընթաց ճանաչելու վերաբերյալ:
«Սատարենք մեր հերոսին» բարեգործական ՀԿ-ից Վիգեն Արաբյանի կարծիքով՝ օրենքը գործում է ի նպաստ պետության շահերի, քան հասարակության:
«Պառլամենտարիզմի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գոհար Մելոյանը նկատել է պետական կառույցներին կից հանրային խորհուրդների վերջին շրջանի պասիվությունը, լրջագույն օրենսդրական նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների բացակայությունը: Ըստ նրա՝ դա Հայաստանի միջազգային պարտավորություններից է:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշել է, որ ՀԿ-ները պետք է էապես տարբերվեն կուսակցություններից: Ըստ նրա՝ ՀԿ-ների ճանապարհով գնացող մարդիկ քաղաքական հավակնություններ չպետք է ունենան:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ամփոփելով հանդիպում-քննարկումը, շնորհակալություն է հայտնել մասնակիցներին հետաքրքիր եւ բովանդակային քննարկման համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ առկա է հանրային վստահության խնդիր: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել բարձրաձայնված խնդիրներն ուսումնասիրելու եւ դրանք հնարավորինս արագ լուծելու քայլեր ձեռնարկել:



